Կարծում եմ՝ այդ տեսանյութը պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է. այնտեղ պետք է կանչվի եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիեւը, որոնց մասին մենք չենք իմացել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիեւի անունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժել է առաջարկը:
«Կարեւոր հարցեր կան, այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ոնց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սպրդել մամուլ, բազմաթիվ հարցեր կան: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել: Բայց թող Սերժ Սարգսյանն ասի՝ կաշառք են առաջարկել, չեմ վերցրել: Կարող է ասել են՝ Հայաստանին փող տանք, դուրս եկեք, կարող է ասել են՝ քեզ կաշառք տանք, զորքերդ հանի: Երկու տարբերակն էլ հնարավոր է: Որ նախագահին կաշառք կառաջարկեն, մի քիչ չեմ հավատում»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ հիմա ԱԺ-ից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագծի վրա են աշխատում. «Պարիտետային հանձնաժողովը նշանակում է ամեն ուժից համապատասխան թվով ներկայացուցիչներ լինեն, որ որեւէ ուժ դոմինանտ չլինի եւ հավասարակշիռ քննարկում լինի: Միայն սա չի, մի քիչ սպասեք, էլի նյութեր են լինելու: Սերիաներ կան, որոնք հերթով քննվելու են»: